Ալբերտ Աբգարյանը ծնվել է 1982 թվականին, Երևանում: 3 տարեկան հասակում դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է տեսողությունը: Երաժշտական ու իրավաբանական բարձրագույն կրթություն ունի: 2007 թվականին հաշմանդամություն ունեցող այլ անձանց հետ նա էլ էր մասնակցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ վերջինիս առաջարկել է իր աշխատակազմում սահմանափակ կարողություններով մարդակնաց աշխատանքի հնարավորություն տալ` օրինակ լինելով մյուսներին: Սերժ Սարգսյանն արձագանքել է նրա առաջարկին, ու այսօր Ալբերտն աշխատում է նախագահի վերահսկողական ծառայությունում` որպես իրավաբան:
Իսկ երաժշտական գիտելիքներն օգտագործելով` նա, իր խոսքով, շնորհակալությունը հայտնեց այս պահին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին` գրելով նրա նախընտրական տեսահոլովակի երաժշտությունը:
«Հպարտության, երախտագիտության, և բոլոր դրական զգացմունքներով գրված երգ է: Վստահ եմ, որ այն Ձեզ հաջողություն ու հաղթանակ կբերի: Շնորհակալ եմ Ձեզ», – ասաց Ալբերտ Աբգարյանը` դիմելով Սերժ Սարգսյանին:
«Ես եմ շնորհակալ: Ջերմություն, լույս ու հավատ կա երգիդ մեջ: Այն լսելու են ամբողջ հանրապետությունում և վստահ եմ, որ մեզ հաջողություն կբերի», – ասաց Սերժ Սարգսյանն ու ավելացրեց. «Այսօր սկսում ենք մեր նախընտրական պայքարը: Մոտ մեկ ամիս հնարավորության սահմաններում լինելու ենք հանրապետության բոլոր քաղաքներում ու համայնքներում: Մեր նախընտրական պայքարը որևէ մեկի դեմ չէ, մեր ծրագրերի շուրջ համախմբվածների թիվը մեծացնելու համար է: Մենք միշտ պաշտպանել ենք քննարկումների և երկխոսությունների հնարավորությունը: Հարգանքով ենք վերաբերում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում մեր կարծիքի հետ: Մենք առաջարկում ենք ճանապարհ, որը տանում է դեպի ապահով ապագա, դեպի վերելք: Մենք այս ընտրարշավով սկսկում ենք հային Հայաստանին ամուր կապելու, իսկ գնացածներին վերադարձնելու ծրագիր: Մեր երկիրը միասին պիտի փոխենք»:





