AM
24 Հունվար 2013 - 07:08 AMT

Էպոսագետը «ուղեղներ չի լվանում», իսկ տարածված լուրերն անհեթեթություն է համարում

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, տարածված լուրերը, թե ինքը երիտասարդների «ուղեղների լվացմամբ» է զբաղվում, մեկնաբանելու կարիք չի տեսնում: «Այն աստիճանի անհեթեթություն է, որ նույնիսկ ինչ-որ բան ասելու իմաստ չկա: Իմ բոլոր սեմինարների տեսագրությունները կան, կարող եք դիտել: Սեմինարներ անցկացրել եմ 1998-ից, շատ բուհերում, դպրոցներում: Այդքան գումար երևի Ծառուկայնը չունենա, որ 14 տարի սեմինարներ հրավիրի և մարդկանց «Սասնա Ծռեր» վերլուծելու համար փող տա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց նախագահի թեկնածուն:

Նա հայտնեց, որ նման սեմինար եղել է նաև «Վերելք» ակումբում, որտեղ գիտնականներ են հավաքվել և ներկայացրել իրենց աշխատությունները:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե նախկինում Վարդան Սեդրակյանը պարբերաբար կազմակերպել է հավաքներ, որոնց մասնակցել են մի խումբ երիտասարդ տղաներ: Հանդիպումների ժամանակ երիտասարդները լսել են էպոսի մասին Սեդրակյանի մեկնաբանությունները, կարդացել Նիցշե, էպոս և այս ամենի համար վճարվել`արդյունքում վերածվելով շարքային զոմբիների:

Վարդան Սեդրակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը Նիցշե կարդացել է շատ տարիներ առաջ, առանձնապես հիացած չէ նրա փիլիսոփայությամբ և Նիցշե երբևէ չի վերլուծել: