Հունական համայնքում տարբեր մարդիկ կան՝ տարբեր դիրքորոշումներով: Հայաստանում հունական հասարակական 9 կազմակերպությությունների միության նախագահ Արկադի Խիտարովը բոլորի անունից հայտարարություն անելու իրավունք իրեն չվերապահեց, բայց այսօր ասուլիսի ժամանակ ազգությամբ հույն ՀՀ քաղաքացիներին կոչ արեց փետրվարի 18-ին քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին.«Մեր գործակցությունը ՀՀԿ-ի հետ տարիներ առաջ է սկսվել, ՀՀ ԱԺ-ում մենք ունենք ազգությամբ հույն ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, սա մեզ համար բավական լուրջ գործոն է:
Էդուրադ Շարմազանովի հույն լինելով ամեն ինչ չի սահմանափակվում, նրա միջոցով մենք շատ մեծ հարցեր ենք կարողացել լուծել, մեր հնարավորությունները մեծացել են, ասել է բանախոսը:
Անցած տարի ապրիլի վերջին «Արտասահմանի հույների խորհրդի առաջին նիստն է Հայաստանում անցկացվել:
Կառավարության հետ էլ մենք անցած ուղի ունենք և անելիքներ, արդեն պատրաստի ծրագիր մինչև 2020 թվականը մեր անելիքների համար, որը նաև մարզերի զարգացման նպատակ ունի: Վանաձորում սկսելու ենք տեխնոպարկի շինարարություն»,-ասաց Արկադի Խիտարովը:
2001 թվականի տվյալներով՝ Հայաստանում 1274 հույն է ապրում: 90-ականների ճգնաժամի օրերին հունական համայնքի մեծ մասը վերադարձավ Հունաստան, իսկ այժմ հունական ճգնաժամի պատճառով, նրանց մի մասը Հայաստան է տեղափոխվում, բայց հազիվ թե այդ թիվը մեծ լինի: Հունական համայնքը կենտրոնացած չէ որևէ շրջանում, և Խիտարովի խոսքով՝ հենց դա է պատճառը , որ սեփական ուղղափառ եկեղեցի ունենալու խնդիրը դեռ չի լուծվել:
Մշակույթի պահպանման հարցում առաջընթաց կա, հունական պարի, երաժշտական խմբեր են գործում, որոնք նույնիսկ միջազգային մրցույթների են մասնակցում:





