ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) հրապարակել է ընտրությունների դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցը` հունվարի 10–16-ի համար:
Զեկույցում նշված է, որ այս ընտրությունները կլինեն առաջին նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2011 թվականի մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգրքի համաձայն։ «Նոր օրենսգիրքը գնահատվել է իբրև համապարփակ և տրամադրում է ամուր հիմքեր ժողովրդավարական ընտրությունների անցկանցման համար։ Միաժամանակ, օրենսգրքում դեռ կան հատվածներ, որոնք բարելավման կարիք ունեն»,- ասված է զեկույցում:
Ըստ զեկույցի` ընտրական իրավական դաշտը ենթարկվել է էական բարեփոխումների։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Եվրախորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկյան հանձնաժողով) գնահատել են Օրենսգիրքը որպես համապարփակ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հաստատուն հիմք։
Զեկույցը պատմում է ընտրական գործընթացի կազմակերպման, ընտրողների գրանցման, թեկնածուների առաջադրման և գրանցման ու Հայաստանում նախընտրական իրավիճակի մասին: Ներկայացված է նաև Հայաստանի իրավական դաշտն ու ընտրական համակարգը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն իր գործունեությունը սկսել է հունվարի 10-ին: Առաքելության ղեկավարը հանդիպել է ԿԸՀ-ի նախագահին, արտաքին գործերի նախարարին, արտաքին գործերի փոխնախարարի, նախագահի անձնակազմի ղեկավարին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական առաքելությանը։ ԸԴԱ-ն նաև հաստատել է կապ ԿԸՀ-ի, ընտրական գործընթացում ընդգրկված պետական կառույցների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և մայրաքաղաքում ու մարզերում գործող լրատվամիջոցների հետ։





