AM
25 Հուլիս 2005 - 03:40 AMT

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ԵԿԵԼ Է

«Հայաստանի քաղաքացիություն ցանկացող սփյուռքահայերը, ովքեր ցանկանում են ունենալ ընտրելու եւ ընտրվելու իրավունք, պետք է ծառայեն Հայաստանի բանակում»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Համահայկական երիտասարդական 3-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` Հայաստանը առանց Սփյուռքի այլ հնարավորություններով պետություն է, իսկ Սփյուռքով` այլ, հետեւաբար երկքաղաքացիության խնդիրն անպայման պետք է լուծվի, սակայն այն իր հետ այլ խնդիրներ առաջ կբերի: Եթե սփյուռքահայերը պետք ունենան ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները, ապա պետք է կրեն նաեւ բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները: Եթե պետք է որոշակի չափով պակասեցվի նրանց պարտավորությունները, ապա պետք է պակասեն նաեւ իրավունքները: «Կարծում եմ` երկքաղաքացիության ընդունման ժամանակն արդեն եկել է»,- նշել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: