AM
25 Հունվար 2013 - 15:18 AMT

Սահակաշվիլին հիստերիայի մեջ է, նրա դիմակը պատռվեց

(?) Վահագն, դու ազատ արձակվեցիր սովորական ընթացակարգով, գիտենք, որ դիմում ես ներկայացրել Վրաստանի խորհրդարան` պահանջով, որ քեզ քաղբանտարկյալ ճանաչեն: Ի՞նչ ես անելու հիմա, երբ ազատության մեջ ես:

(!) Ես չգիտեմ՝ իմ կարգավիճակը փոխվելուց հետո Վրաստանի խորհրդարանը ինչ կանի: Այն ինձ քաղբանտարկյալ ճանաչել է, փաստորեն: Իմ անունը քաղբանտարկյալների ցուցակից հանվեց, պարզ չէ, թե ինչ հանգամանքներով: Այն կազմակերպությունները, որոնց հանձնարարված էր, որ քննարկեին` քաղբանտարկյալ եմ, թե` ոչ, իրենք եկել էին այն եզրակացության, որ ես քաղբանտարկյալ եմ: Անունս հանվեց այդ ցուցակից, որովհետև ճնշումներ եղան:

(?) Քո գործը գտնվում է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Շարունակելո՞ւ ես պայքարը:

(!) Գործը ընթացքի մեջ է, ետ չի կանչվելու: Սպասելու ենք պատասխանին: Ամեն ինչ անելու ենք, որ 2008-ի դեպքերն ու իմ գործը նաև այստեղ նորից քննություն անցնեն:

(?) Գաղտնիք չէ, որ քեզ բանտարկեցին ջավախահայության իրավունքերի պաշտպանության հարցում ակտիվ պայքար մղելու արդյունքում: Շարունակելո՞ւ ես գործունեությունդ և ինչպիսի՞ արձագանք ես ակնկալում վրացական իշխանությունների կողմից:

(!) Իմ գործունեությունը շարունակելու եմ միանշանակ: Վրաստանի նախորդ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ ոչ միայն Ջավախքի, այլև Վրաստանի ամբողջ քրիստոնյա բնակչությունը հեռանա, դրդում էին այլ կրոնների: Սա արդեն գաղտնիք չէ, այդ մասին այսօր բոլորը բացահայտ խոսում են: Հիմա իշխանություններն ավելի ազատ են: Ես մեծ հույսեր չեմ կապում, բայց հավատում եմ, որ ինձ չեն զրկի գոնե խոսելու իրավունքից: Վերջիվերջո, Վրաստանում գալո՞ւ է մի իշխանություն, որը կհարգի բոլոր ազգերի իրավունքները, կմտահոգվի նրանց հարցերով:

(?) Չորս ու կես տարի է, ինչ Ջավախքում չես եղել: Այդ ընթացքում Վրաստանի ներքին քաղաքական կյանքում մի շարք զարգացումներ եղան` խորհրդարանական ընտրություններից հետո հույս կար, որ Վրաստանի իշխանությունները կփոխեն իրենց քաղաքականությունը կամ գոնե կմեղմեն: Ի՞նչ տրամադրություններ ես տեսնում Ջավախքում: (!) Ջավախքում տրամադրությունները դրական են: Ժողովուրդը մի քիչ սկսել է շնչել Սահակաշվիլու և նրա հանցավոր ռեժիմից հալածանքներից: Մի քիչ ազատ են զգում և կարող է դրական զարգացման դաշտ ձևավորվի:

(?) Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել Բիձինա Իվանիշվիլիին և կառավարությանը` քեզ ազատ արձակելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանես:

(!) Սահակաշվիլին ընկել է հիստերիայի մեջ: Նրա դիմակը վերջանականապես պատռվում է և ներսում, և Վրաստանից դուրս: Ինչպես տեղյակ եք, իմ գործը, ճիշտ է, Վրաստանի ներսում այդքան հնչեղություն չստացավ, սակայն արտասահմանում մարդու իրավուների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ հետաքրքրված էին: Հիմա այս ամենից հետո նրա դիմակը պատռվում է: Նա այն ժամանակ անհեթեթ փաստարկներ էր բերում ու փորձում էր լռեցնել այդ կազմակերպությունների ձայնը:

(?) Վահագն, վերջում մեկ դրական հարց: Ինչպե՞ս ընդունեց վերադարձդ տղադ: Ի՞նչ էր անում այսքան ժամանակ բաժանումից հետո հորը տեսնելիս: Փոխանցիր մեզ այդ դրական տրամադրություները:

(!) Շատ էր ուրախացել: Դա իմ ընտանքիքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Տղաս ամբողջ օրը պատմում է իմ բացակայության ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին:

Հ.Գ. Բանտարկության տարիներին մեկ անգամ չէ, որ լսեցինք, թե ինչպիսի դաժան պայմաններ էր ստեղծում Սահակաշվիլու ռեժիմը Վահագնի համար: Թույլ չէին տալիս, որ տեսնվի ընկերների ու հարազատների հետ, վտանգվում էր նրա առողջությունը: Նա երկու անգամ հացադուլ էր հայտարարել: Մեզ հետ զրույցում Վահագնը խնդրեց շրջանցել այդ հարցը և չխոսել դրա մասին: «Դրանք ինձ համար վատ հիշողություններ են և չեմ ուզում թունավորել իմ լավ տրամադրությունը»,- ասաց նա: