AM
29 Հունվար 2013 - 13:58 AMT

ԵԽԽՎ-ում հնչած զեկույցում դիտավորյալ աղավաղել էին ԼՂ հակամարտության անվանումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները:

Քննարկվել են «Ադրբեջանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» և «Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը» զեկույցները, որոնցից առաջինն ընդունվել է:

Զեկույցները, ինչպես տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը, համապատասխանաբար մշակել են մոնիտորինգի և իրավական հարցերի հանձնաժողովները: «Ադրբեջանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» զեկույցի վերաբերյալ հայկական պատվիրակության անդամներն ունեցել են չորս ելույթ, ներկայացրել պատվիրակության դիրքորոշումները: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն անդրադարձել է մոնիտորինգի հանձնաժողովի երկու զեկուցողների նախապատրաստած նյութին, որում ակնհայտ զգացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի փաստարկների օգտագործումը: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ նրանք դիտավորյալ աղավաղել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության անվանումը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե խնդիրը վերաբերում է, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճին: Քանի որ զեկույցում չեն ներառվել հայկական կողմի առաջարկները, ուստի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները ներկայացրել են հատուկ կարծիք, որը, որպես հավելված, կցվել է զեկույցին:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հղում կատարելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված զեկույցներին, նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողների ներկայացրած զեկույցը չի արտացոլում ադրբեջանական իրականությունը:

Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցում տեղ գտած սխալներին և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին: Արմեն Ռուստամյանը խոսել է նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իր ելույթը ևս վերաբերել է «Ադրբեջանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» զեկույցին: Նա նկատեց, որ համազեկուցողները որևէ կերպ անդրադարձ չէին կատարել ինչպես Սաֆարովի աղմկահարույց գործին, որը քննարկվել էր նաև ԵԽԽՎ-ում և արժանացել շատ խիստ գնահատականների, այնպես էլ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցներին, որտեղ խոսվում է հայատյացության սերմանման մասին: