AM
29 Հունվար 2013 - 15:13 AMT

Հրանտ Բագրատյանն ասում է, որ ինքն է գործող նախագահի հիմնական մրցակիցը, այլ բան են ասում հարցումները

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պայքարը կընթանա Հրանտ Բագրատյանի և Սերժ Սարգսյանի միջև: ՀՀ նախագահի թեկնածում, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է եկել նման եզրահանգման` քարոզարշավից արդեն մեկ շաբաթ անց: «Երկու ծրագիր կա, մեկը Սերժ Սարգսյանին է, որը ոչինչ չի ասում, լավ բան չկա, երկրորդը մեր ծրագիրն է, որն առաջարկում է սոցիալական խնդիրների լուծում»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հրանտ Բագրատյանը:

Այն, որ պայքարը գնալու է հենց Հրանտ Բագրատյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև ասում է Հրանտ Բագրատյանը, այլ բան են ասում տարբեր կազմակերպությունների անցկացրած սոցիոլոգիական հարցումները:

Ըստ TNS opinion-ի անցկացրած հարցումների`գործող նախագահ Սերժ Սարգսյանին օգնել է քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, և նա պաշտոնական քարոզարշավը սկսել է 68,6% վավեր քվեներով (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում է պատասխանել» և «Հրաժարվում է պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 44,0%): «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից և բազմապատկել իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե (չմշակված տվյալները՝ 13,3%): Միևնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5% վավեր քվե յուրաքանչյուրը:

The Gallup Organization-ի հարցումներով`ընտրողների 66%-ը քվեարկելու է Սերս Սարգսյանի օգտին (հարցվողներին 8 թեկնածուների ցանկ է ներկայացվել): Հարցված ընտրողների 10% ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 4%` Պարույր Հայրիկյանի օգտին, 4%` Հրանտ Բագրատյանի և այլն:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների տվյալներով էլ` փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում այս պահին որոշում կայացրած ընտրողների 72 տոկոս ձայները կստանա գործող նախագահ Սերժ Սարգսյանը: 20 տոկոսն իր ձայնը կտա Րաֆֆի Հովհաննիսյանին, 3,5-ական տոկոսներ կստանան Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը: