Հուլիսի 30-ին Եւրոպայի խորհրդի տարածքից Հայաստանի դրոշի անհայտացման կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1-ին բողոքի նոտա էր հղել ԵԽ Գլխավոր քարտուղարին, ԵԽ ներկայիս նախագահող Պորտուգալիայի դեսպան Դուարտեին, ԵԽ Գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Լորանին եւ ԵԽ Նախարարների կոմիտեի քարտուղարության ղեկավար Լեոնարդո Դեւիսին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ի պատասխան Հայաստանի բողոքի` ԵԽ Գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակից տեղեկացրել են, որ պատահարի մասին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից ԵԽ Անվտանգության մարմիններին իրազեկ պահելուց անմիջապես հետո բոլոր ջանքերը գործադրվել են Հայաստանի դրոշը վերատեղադրելու նպատակով: Ինչ վերաբերում է միջադեպի հետաքննությանը, ԵԽ Գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակը հայտնում է, որ բանակցությւոններ են տարվել ԵԽ շենքի եւ նրա շրջակայքի անվտանգության համար պատասխանատու ֆրանսիական ոստիկանության հետ եւ հավաստիացել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն այս ցավալի պատահարը բացահայտելու եւ ապագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար: Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի երեկոյան Սթրասբուրգում` Եւրոպայի խորհրդի տարածքից անհայտացել է Հայաստանի դրոշը եւ երկիրը ներկայացնող ցուցատախտակը: Այս մասին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը անմիջապես տեղեկացրել է ԵԽ Անվտանգության ծառայություններին եւ պահանջել հնարավորինս շուտ վերականգնել դրոշը: Ներկայումս դրոշը վերականգնված է: ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԽ ղեկավարությանը` դատապարտելով Հայաստանի դրոշի առեւանգումը եւ պահանջել պարզել դրոշի անհայտացման հանգամանքները եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանցագործների նկատմամբ: ՀՀ ԱԳՆ-ն վճռականորեն բողոքում է նման գործողությունների դեմ եւ Եւրոպայի խորհրդից պահանջում իր տարածքի վրա անվտանգության անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ կանխել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդանիշների դեմ վանդալիզմը, ասվում է նախարարության նոտայի մեջ:





