AM
1 Փետրվար 2013 - 09:06 AMT

Վաղը Երևանում կբացվի «Ճանաչիր աշխարհն անգլերենով» համաժողովը

Փետրվարի 2-ին ժամը 10.00-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Ճանաչիր աշխարհն անգլերենով» համաժողով, որին կմասնակցեն շուրջ 100 անգլերեն լեզվի մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ: Համաժողովի բացմանը հանդես կգան ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսը, ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական խորհրդի «Ճանաչիր աշխարհն անգլերենով» մեկօրյա համաժողովն իր շուրջը կհամախմբի անգլերեն լեզվի մասնագետներին` քննարկելու Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգի շրջանակում լեզուների իմացության գնահատման առավելությունները, Հայաստանում այդ համակարգի կիրառման հնարավորությունները, ինչպես նաև կներկայացվեն ուսուցիչների կատարելագործմանն ուղղված Բրիտանական խորհրդի դասընթացները, դասավանդման համար նախատեսված նյութերը և անգլերենի իմացության ստուգման միջազգային քննությունները

Եվրախորհրդի հրապարակած Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը հստակորեն սահմանում է լեզվի իմացության մակարդակները: Այսօր աշխարհում ընդունելի և ճանաչելի դարձած այդ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչև C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ: Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը ճանաչելի եւ ընդունելի է միջազգայնորեն: Բրիտանական խորհրդի առաջարկած դասընթացներն ու քննությունները, որոնք համապատասխանում են այս համակարգին համաժողվի ընթացքում կներկայացվեն Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից; Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանը նախորդ տարի վերափոխեց անգլերենի դասավանդման իր մոտեցումները, որը և կներկայացնի համաժողովի ընթացքում:

Բրիտանական խորհուրդն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առցանց ուսուցանմանը: TeachingEnglish, LearEnglish, LearnEnglish Teens և LearnEnglish Kids կայքերը նախատեսված են ինչպես ուսուցիչների, այնպես էլ տարբեր տարիքային խմբերում ընդգրկված անգլերենն ուսումնասիրողների համար:

Հատուկ այս համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած ուսուցիչների վերապատրաստող Ջերալդ Մաքինթշն ուսուցիչների համար կանցկացնի աշխատաժողովներ` ուսուցիչներին ներկայացնելու դասավանդման ոլորտի զարգացումներն ու փոփոխությունները: