AM
1 Փետրվար 2013 - 09:42 AMT

Հանցագործները դեռ ներսում են. Նախկին ՄԻՊ-ը դատապարտում է թեկնածուի դեմ մահափորձը

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ իշխանությունների մասնակցությունը նախկին պատգամավոր, ՀՀ առաջին ՄԻՊ, «Ըդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը բացառում է: «Դա իշխանությանն օգուտ չէ, դա երկրի դեմ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը նա ողբերգություն որակեց: «Ես դատապարտում եմ նման միջադեպերը, որոնք խաղաղ իրավիճակը բերում են ապակայունացման, և սա մեր պատմության սև էջերից մեկն է»,- ասաց նա: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ինչ-որ ուժերի կարող է ձեռնտու լինել նախագահական ընտրությունների հետաձգումը, իսկ ընտրական գործընթացների միտումնավոր հետաձգումն, ըստ նրա, հանցագործություն է: «Սա նշանակում է, որ հանցագործները դեռ ներսում են, և կատարելով մարտի 1-ի հանցագործությունը՝ շարունակում են իրենց գործողությունները»,- հայտարարեց նախկին ՄԻՊ-ը:

Երեկ՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: