Ռիելթորներն այսօր հանդիպել են ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: «Մենք մնացինք մեր կարծիքին, նրանք՝ իրենց»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց հանդիպումը «Արգո» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը:
Ըստ Գոջաբշյանի՝ փոխնախարարի հետ, սակայն, պայմանավորվածություն են ձեռք բերել. «Մենք պետք է թվեր, փաստեր հավաքենք և ներկայացնենք նախարարություն, խոստացան ուսումնասիրել, և եթե մենք ճիշտ դուրս գանք, կվերանայեն օրենքը, համենայնդեպս, փոխնախարարն այդպես ասաց»:
Արայիկ Գոջաբաշյանն ասաց, որ հաջորդ հանդիպման օրը կախված կլինի իրենցից. «Որքան արագ հավաքենք այդ թվերը ու փաստերը, այնքան շուտ կհանդիպենք: Ես չգիտեմ՝ որտեղից են վերցրել այդ «երկրային թվերը», պարզվում է՝ այս ֆինանսական ճգնաժամի պայմաններում մենք լավ եկամուտ ենք ունեցել, բայց դա այդպես չէ, չգիտեմ՝ ոնց են հաշվել»,-ասաց Արայիկ Գոջաբաշյանը:





