ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում պարզաբանել է, թե ինչու է ԱԺ էթիկայի հանձնաժողովում նրան փոխարինել ՀԱԿ խմբակցության ժպատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:«Այն կապակցությամբ, որ Հայ ազգային կոնգրես խմբակցության նիստում որոշում է կայացվել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ նշանակել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, բազմաթիվ լրագրողներ ինձ են դիմել՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել.
1. Դեռևս ամռանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում նշանակումներ է անելու ռոտացիոն կարգով:
2. Խմբակցության նիստի օրակարգի նախագծում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամի փոփոխության հարց չի եղել, հարցը օրակարգ է մտել և լուծվել իմ առաջարկությամբ՝ ի կատարումն նախկինում ձեռքբերված պայմանավորվածության: Այսպիսով, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի և անդամի իմ լիազարություններն ավարտվում են խորհրդարանի՝ ս/թ փետրվարի 4-ից 7-ը կայանալիք չորսօրյա նիստում:
3. Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սարգսյանին մաղթում եմ հաջողություններ և ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրան՝ հանձնաժողովում արդյունավետ գործունեություն ծավալելու համար»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօերին մամուլում քննարկվում էր այն վարկածը, թե չի բացառվում, որ Փաշինյանին Էթիկայի հանձնաժողովից հեռացնելու պատճառը ՀԱԿ ներսում տիրող իրավիճակն է, Նիկոլ Փաշինյանն էլ դուրս է ՀԱԿ պաշտոնական գծից:





