AM
1 Փետրվար 2013 - 11:47 AMT

ԱՀՀ-ն դատապարտում է քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված վտանգավոր նախադեպը

Ամերիկայի Հայկական Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրագործված մահափորձի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ամերիկայի Հայկական Համագումարը խիստ դատապարտում է Հայաստանում քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված այս վտանգավոր նախադեպը: Կրկին փորձ է արվել վարկաբեկել մեր Հայրենիքը միջազգային հանրության աչքերում: Հանցագործության շուտափույթ բացահայտումը զգալիորեն կնպաստի անպատժելիության մթնոլորտի վերացմանը, ինչը չափազանց կարևոր է առողջ հիմքերի վրա քաղաքակիրթ երկիր կառուցելու համար:

Պարույր Հայրիկյանին մաղթում ենք լիարժեք ապաքինում և երկարատև ու բեղմնավոր քաղաքական գործունեություն»: 1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: