ԿԸՀ-ն մշակել է երկու նախագիծ, որոնց շնորհիվ հասարակությունը կարող է ծանոթանալ ԿԸՀ աշխատանքներին առցանց տարբերակով: Նախագծերն իրականացվել են ԱՄՆ և ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այժմ ԿԸՀ կայքում հնարավոր կլինի դիտել կենտրոնական հանձնաժողովի նիստերը: Կայքում տեղադրված է նաև ընտրողների ցուցակը, որտեղ նշված են վերջիններիս բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նախաձեռնությունների նպատակը հրապարակայնությունն ապահովելն է. «Ընտրողները կկարողանան լիարժեք պատկերացում կազմել ընտրական գործընթացի վերաբերյալ: Ոստիկանության կայքում անձի տվյալները հասանելի էին ներբերռնմամբ, ինչը ժամանակատար էր: Այժմ մարդիկ ավելի հեշտ եղանակով կարող են տեսնել, թե ովքեր են գրանցված իրենց հասցեում»,- նշեց Տիգրան Մուկուչյանը և հավելեց, որ այսպիսով հնարավոր կլինի խուսափել նաև քաղաքացիների այն բողոքներից, որ իրենց հասցեում գոյություն չունեցող մարդիկ են հաշվառված: ԿԸՀ նախագահն այս հարցում կարևորեց ընտրողների դերը` կոչ անելով վերջիններիս ստուգել, թե իրենց հասցեում քանի հոգի է գրանցված և անճշտության դեպքում դիմել իրենց:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը վստահություն հայտնեց, որ նախագիծը կբարձրացնի հասարակության վստահությունը իշխանությունների նկատմամբ: Դեսպանը նաև հավելեց, որ իրենց նման բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններ մեծ ուշադրություն են ցուցաբերում ընտրույթունների անցկացման չափանիշների բարձրացմանը:
Նախաձեռնության շրջանակներում տպագրվել են նաև գրքույկներ, որոնց միջոցով ընտրողները կարող են ծանոթանալ ընտրությունների անցկացման կարգին և իրենց իրավունքներին:





