AM
7 Փետրվար 2013 - 09:21 AMT

ՔԿՀ աշխատակիցները չեն կարողանում օգտվել կոմունալ վճարումների արտոնություններից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի և դրան առընթեր փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խմբի կողմից պարբերաբար իրականացվող այցելությունների ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, ուշադրության կենտրոնում են գտնվել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների սոցիալական և աշխատանքային խնդիրներն ու դրանց լուծումները` որպես ազատազրկված անձանց նկատմամբ լավ վերաբերմունքի դրսևորման երաշխիք:

Քրեկատարողական հիմնարկների աշխատակիցների մտահոգող հարցերի շարքում է զինծառայողների նկատմամբ կիրառվող կոմունալ վճարումների արտոնությունները, որոնք օրենքով պետք է կիրառվեն նաև իրենց նկատմամբ, սակայն փաստացի չեն կիրառվում:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն` զինծառայողներին հավասարեցված անձինք են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները: Ընդ որում, նույն օրենքով սահմանված է, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների վրա տարածվում են օրենքով նախատեսված դրույթները:

Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը oգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

Հետևաբար, նույն արտոնություններից, մասնավորապես ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից, օգտվում են նաև այն քրեակատարողական ծառայողները, որոնք հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) քրեակատարողական ծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները):