AM
8 Փետրվար 2013 - 06:34 AMT

Քաղաքագետ. Երկրորդ էշելոնի թեկնածուները գործընթացի տեխնոլոգիական մասն են

ՀՀ նախագահական ընտրություններին մնում է ուղիղ 9 օր: Փետրվարի 8-ը այն վերջնաժամկետն է, որ նախագահի թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել և հետ վերցնել իրենց մուծած 8 միլիոն ընտրագրավը: Ինչպես հայտնի է, թեկնածուներից միայն չորսն են ավանդական քարոզարշավ անում, մյուսներից Արման Մելիքյանը և Վարդան Սեդրակյանը որոշեցին բավարարվել մամուլի ասուլիսներով, Անդրիաս Ղուկասյանը հացադուլ հայտարարեց, իսկ երեկ արդեն նրան միացավ Արամ Հարությունյանը, ով մինչ այդ ևս միայն ասուլիսներում էր խոսում: Արամ Հարությունյանն արդեն հայտնել է ինքնաբացարկի որոշման մասին և այսօր` հավադուլը դադարեցնելուց անմիջապես հետո, ինքնաբացարկի իր դիմումը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Այսօր պարզ կլինի`արդյո՞ք նրան այլ թեկնածուներ էլ կմիանան: Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանի հացադուլի պահանջն այն է, որ մյուս թեկնածուները դուրս գան ընտրապայքարից և Սերժ Սարգսյանին ընտրացուցակում թողնեն միայնակ:

Այսօր կա ընտրություն, կան գլխավոր անձեր` գործող նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը: Նման կարծիքի է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, մյուս թեկնածուների մասով` նա առաջարկում է, որ հայ հասարակությունը այս առաջին էշելոնից հետո երկրորդի վրա առհասարակ ուշադրություն չդարձնի: «Այս թեկնածուները ոչ թե ընտրական գործընթացի մաս են, այլ գործընթացի տեխնոլոգիական մաս են»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում իր առաջարկն այսպես հիմնավորեց Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի` այս մարդիկ ներդրվել են ընտրական գործընթաց իրենց գործն անելու համար: «Քննադատելու մյուսներին` փոխանակ ներկայանալու: Հայ հասարակությանը շփոտեցնելու համար են ներդրվել: Ինչ է նշանակում, առաջադրվում ես, 8մլն դրամը վճարում ես`հետո ասում ես եկեք` դուրս գանք: Միայն այն հացադուլավոր թեկնածուին է պետք ուշադրություն դարձնել, նրան պետք է կարեկցենք: Հացադուլը ակտիվ պայքարի ձև չէ: Հայ հասարակությունը վհատված է և սովամահությամբ է ուզում մարդկանց տեղից շարժել»,- ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը նշեց, որ պետք է սահմանափակվել հիմանական անձերով, իսկ մյուսների քմահաճույքներն ու խաղերը պետք է անտեսել. «Սրանք Հայաստանի քաղաքական մշակույթն այլանդակողներն են»: