AM
8 Փետրվար 2013 - 09:03 AMT

ՀԱԿ հիմքի վրա ստեղծվելիք կուսակցությունը և ղեկավարը. Գնահատում են մյուս քաղաքական ուժերը

Այսօր ՀՀՇ վարչության նիստ է լինելու, որից հետո հանդիպումներ են լինելու տարածքային կառույցներում, ինչից հետո նաև հանրապետական խորհրդի նիստ կլինի: Այս բոլոր հավաքներում քննարկվելու է՝ ինչպիսի՞ն է լինելու ՀՀՇ-ի դիրքորոշումը ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու և դրա մեջ մտնելու ձևաչափի հարցերը: Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության արտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նա հայտնեց, որ առաջարկը քննարկվի բոլոր կառույցներում և դրա արդյունքում կընդունեն որոշում համագումար անելու վերաբերյալ: Միայն համագումարը կարող է որոշում կայացնել լուծարվելու, վերանվանվելու, այլ քաղաքկան ուժի հետ դաշնքի կազմելու և այլնի վերաբերյալ: Իսկ գործընթացը մեկ ամիս կտևի:

«Մեզ մոտ մեկ ամիս է արդեն քննարկումներ են գնում ընտրություններից հետո մեր անելիքի վերաբերյալ: Լևոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը անականկալ չէր: Իմ կարծիքով դա լավ լուծում է, ադեկվատ լուծում է ընտրություններից հետո շարժումը շարունակելու համար: Դա ավելի կուռ կդարձնի շարժումը, մասնակիցների պատասխանատվությունը կբարձրացնի: Եթե այս պրոցեսի արդյունքում կուսակցության մեջ մտնեն ՀԱԿ-ի ոչ կուսակցական ակտիվիստները, դա շատ լավ կլինի: Այս ֆորամտը լավագույնն է: Շատ կարևոր է Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը շարունակել պայքարը և շարժումը»,- ասաց Արամ Մանուկյանը:

ՀՀՇ-ի լուծարման տարբերակը Արամ Մանուկյանը բացառում է. դա կնշանակի գիծ գծել անցյալի և ապագայի միջև: «Կա շատ ավելի կարևոր արժեք, դա միջազգային կառույցների անդամակցությունն է: Եթե ընտրենք լուծարման ճանապարհը, մենք շատ առավելություններից ենք զրկվում: Պետք է գնալ վերակազմավորման պրոցեսով: Պահպանել ՀՀՇ-ն, որպես հայկական քաղաքականության արժեք»,- նկատեց Արամ Մանուկյանը:

Շարժումը վերանվանելու վերաբերյալ որևէ կոնկրետ քննարկում չի եղել: «Պետք է ստեղծել բովանդակային առումով նոր կուսակցություն, որը կշարունակի շարժումը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է նոր կուսակցության ղեկավարի հարցին, ապա Արամ Մանուկյանը վստահ է, որ դա պետք է լինի Տեր-Պետրոսյանը, այլ ղեկավարի այս փուլում նա չի տեսնում. «Ոչ թե նա միակն ու միակն է, այլ նա այսօրվա քաղաքական դաշտում ամենախարիզմատիկ քաղաքական գործիչն է»:

Այսօր ճեպազրույցներրի ժամին թեմային անդրադարձավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, ով հայտարարեց, որ այս պահին որևէ մեկնաբանություն տալը տեղին չէ: «Փորձում են տարբեր մեսիջների առումով որոշակի գործողությունների հաջորդականություն ապահովել: ՀԱԿ կուսակցություն դառնալու համար բավականին լուրջ իրավական ճանապար պետք է անցնի: Եթե առողջ բջիջ ձևավորվի, ես ուրախ կլինեմ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ստեղծվելիք կուսակցությանն անդրադառնալով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀԱԿ-ը վերածվում է քառակուսի անիվի՝ որոշումների կայացումը դժվարանում է, քանի որ ՀԱԿ-ում դրանք կայացվում էին կոնսենսուսով, ուստի կուսակցության ստեղծումն, ըստ նրա, կբյուրեղացնի կառույցը և ճիշտ հունի մեջ կմտցնի այդ քաղաքական ուժը:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը այս գործընթացում որևէ արտառոց բան չի տեսնում: Նա նկատեց, որ ՀՀՇ-ն նույնպես անցավ այդ ճանապարհով և ստեղծվեց ՀԱԿ-ը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հաջողություն մաղթեց: