Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
Վերջին շրջանում լրատվամիջոցներով կրկին ակտիվացել են ՍԴՀԿ-ից վտարված Լյուդմիլա Սարգսյանն ու նրա մի քանի կողմնակիցները, ովքեր հրապարակայնորեն քննարկում են, թե արդյո՞ք իրենք կմիանան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հիմնադրվելիք կուսակցությանը թե ոչ: Ընդ որում, նմանատիպ հայտարարություններ արվում են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անունից: Այս առթիվ ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը ևս մեկ անգամ հայտարարում է.
1. ՍԴՀԿ բոլոր օրինական փաստաթղթերը գտնվում են միայն և միայն ՍԴՀԿ Հայաստանի վարչության մոտ:
2. ՍԴՀԿ-ի անունից ներկայացող Լյուդմիլա Սարգսյանը և նրա մի քանի արբանյակները վաղուց հեռացված են կուսակցությունից: Այդ որոշումը հաստատված է նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության համագումարով:
3. Լյուդմիլա Սարգսյանը սովորական խաբեբա է, ով ոչ մի կապ չունի Հնչակյան կուսակցության հետ
4. Նրա և նրա մի քանի արբանյակների ցանկացած հայտարարություն ոչ մի իրավական հիմք չի կարող ունենալ
5. Լ.Ս.ն և նրա արբանյակները կարող են հանգիստ լինել՝ ՍԴՀԿ-ն երբեք չի միանա այն կառույցին, որի մասին ի սկզբանե երազել են իրենք և իրենց քաղաքական տերերը
6. ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ ՍԴՀԿ-ն սատարում է գործող նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը: Հարգելի լրատվամիջոցներ, սույն անձանց ՍԴՀԿ անդամ ներկայացնելուց առաջ հորդորում ենք վերջիններիցս պահանջել իրավական ապացույցներ՝ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գրանցում կամ որևիցե փաստաթուղթ, ասվում է ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանի հաղորդագրության մեջ:





