Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայությունը հայտարարություն է արել Առողջապահության նախարարի կողմից կատարված առաջարկի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն` միաժամանակ ունենք մտահոգություն, որ առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա` հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը:
Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես նաև քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ` որոշել ենք` Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ` չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում, ասվում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայության հայտարարության մեջ:





