ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ կայացել է փետրվարի 12-ին Թբիլիսիում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. Ցանկանալով զարգացնել ոլորտային համագործակցությունը, մենք ստորագրեցինք Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից արձանագրությունը, ինչը Հայաստանին հնարավորություն է ընձեռնում մասնակցել ԵՄ բազմաթիվ ծրագրերին և համագործակցել ԵՄ գործակալությունների հետ։ Ճանապարհային քարտեզի երկկողմանի հարթության նպատակներից շատերը հաջողությամբ իրականացվել են, իսկ նրանք, որոնք շարունակական բնույթ ունեն, լավ ընթացքի մեջ են: Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատություններն և օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը բարելավելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու և քաղաքացիական հասարակության դերը ընդլայնելու նպատակով։ Մենք գնահատում ենք, որ մեր ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են և Եվրոպական Միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է կատարել ՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համաձայն։
2013 թվականը կարևոր տարի է մեր տարածաշրջանի ընտրական օրացույցում։ Հայաստանը վճռական է պահպանել և զարգացնել այն առաջընթացը, որն արձանագրվել էր 2012թ-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների գործընթացում։ Խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքային խումբ ստեղծվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և այլ դիտորդական առաքելությունների առաջարկություններին անդրադառնալու համար։ Խումբը մշակել է համապարփակ գործողությունների ծրագիր՝ վերոնշյալ առաջարկությունների իրականացման նպատակով։ Հայաստանի ղեկավարությունը հանձնառու է անցկացնելու գալիք նախագահական ընտրությունները ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:





