ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ կայացել է փետրվարի 12-ին Թբիլիսիում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. Իրականացված բազմաթիվ բարեփոխումները՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, դրական արդյունքներ են տվել, ինչը գնահատվել է միջազգային համապատասխան կառույցների կողմից։ Գնահատելով գործարար միջավայրը 185 երկրներում՝ վերջին Doing Business զեկույցը արձանագրում է Հայաստանի վարկանիշի զգալի առաջխաղացումը՝ 50-ից 32-րդ տեղը։
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության կողմից հրապարակած Համաշխարհային մամուլի ազատության զեկույցն արձանագրում է 2012թ-ի համար Հայաստանի մամուլի ազատության ցուցիչի զգալի աճը։ Ուսումնասիրությունը, որն իրականացվել է 179 երկրներում՝ հաշվի է առնում այնպիսի չափանիշներ ինչպիսիք են լրատվամիջոցների բազմակարծությունը, անկախությունը, միջավայրը և ինքնագրաքննությունը, օրենսդրական շրջանակը, նորությունների և տեղեկատվության ստեղծման վրա ազդող հաստատությունների և ընթացակարգերի թափանցիկությունը։ Զեկույցի համաձայն, Հայաստանը առաջատարն է մեր տարածաշրջանում։
Ճանապարհային քարտեզում արտացոլված Ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական բարելավումը Հայաստանի համար կարևոր առաջնայնություն է։ 2009-ից սկսված մարդու իրավունքների ոլորտում պարբերական երկխոսություն է տեղի ունենում Եվրամիության հետ։ Սա կարևոր ձևաչափ է, որտեղ քննարկվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցության հարցեր։
Մենք կարևորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցություններին: Քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմը հնարավորություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում հասարակական կազմակերպությունների հետագա ներգրավման համար, ասել է ԱԳ նախարարն իր ելույթում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:





