AM
13 Փետրվար 2013 - 09:09 AMT

Սերժ Սարգսյանի արտահայտությունները. Քաղտեխնոլոգը դրանց որպես բացատրություն երեք տարբերակ ունի

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ամենաքննակվող թեմաներից մեկը ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի մի քանի արտահայտություներն էին, որոնք արդեն հասցրել են մեմեր դառնալ: «Եկել ես ստեղ, որ ինչ անես»-ը, «թարս աճած վարունգն» ու մի քանի այլ արտահայտություններ մինչ օրս էլ համացանցում ամենաշատը հանդիպողներն են: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այս ամենին որպես բացատրություն երեք տարբերակ ունի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ դա նախ կարող էր պատահական լինել: Հնարավոր է, որ արվում է թեկնածուի վարկանիշն իջեցնելու համար, իսկ երրորդ տարբերակն այն է, որ նման «կիքսեր» թույլ տալով՝ փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել ընտրությունների վրա, որ հետաքրքիր անցնի: «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի նման քաղաքական գործիչը քարոզարշավի կեսից սկսած ինչ-որ մի բան ասի, որ դառնա օրվա հիթը: Ինքը գիտի բառի արժեքը: Ես կարծում եմ, որ այննտեղ ինչ-որ բան կա դրած, չի կարող այնպես լինել, որ ամեն օր նման բան պատահի»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Քարոզարշավի կեսից Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ ամեն անգամ միջադեպեր են տեղի ունենում: Առաջին անգամ դա տեղի ունեցավ Եռաբլուրում՝ երբ նրան լաց լինելով մի կին մոտեցավ, Սերժ Սարգսյանն էլ պատասխանեց՝ «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»: