Երեկ Հրանտ Բագրատյանը, պատասխանելով ընտրողներից մեկի «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանը վերաբերող հարցին, ասել է, որ «Նաիրիտը» չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգաիթից, իսկ հիմա, հայտնի պատճառներով, այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է:
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Նաիրիտի» համար բութադիենը երբևէ չի բերվել Սումգաիթից, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է` այն քլորոպրենային կաուչուկի ստացման համար որակի բավարար հատկանիշներ չունի:
«1979թ-ից սկսած, երբ «Նաիրիտում» գործարկվել է բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի ստացման հոսքագիծը, բութադիենը բերվել է Ռուսաստանի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանից` մինչև 1992թվականը:
Բագրատյանի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, և այսօր միջազգային մրցույթի ներկայացված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արդիականացման և վերագործարկման» ծրագիրը ներառում է բութադիենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրության վերականգնման շատ իրատեսական հնարավորությունը»,-ասված է գործարանի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:





