AM
18 Փետրվար 2013 - 09:45 AMT

Տարոն Մարգարյանը քվեարկել է նաև երևանցիների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությանը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ընտրությունը կատարելուց հետո, Տարոն Մարգարյանն ասել է, որ կատարել է իր ընտրությունը հանուն Հայաստանի ապագայի: «Յուրաքանչյուր ոք ունի ապագայի իր տեսլականը, և այդ տեսանկյունից, որպես Երևանի քաղաքապետ, ես իմ ընտրությունը կատարեցի նաև հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, հանուն այն ծրագրերի շարունակականության, որոնք մենք կյանքի ենք կոչել ու հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել հանուն մեր պետության և ժողովրդի»,-ասել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների կողմից տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները` մայրաքաղաքում ՀՀ նախագահի ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: