Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը սկսվում է 88-ի փետրվարից, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց: Կարծիքը Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանինն է: 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանում ընդունվեց որոշում ՝դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը վերհիշեց, իր բնորոշմամաբ, մոռացված պատմությունը: «Ականատեսները մոռացել են, մենք անորոշության մեջ ենք: Դրա համար է, որ մեկը ասում է ես անկախությունը տվեցի, մեկը ես հողը տվեցի գյուղացուն: Դա վտանգավոր բան է»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Ըստ նրա՝ Շարժումը վճռական նշանակություն ուներ իր գաղափարներով: Առաջին անգամ մի տեսակետ բարձրաձայնվեց, այն որ մենք չունենք մշտական թշնամի և բարեկամ, մենք ունենք ազգային շահեր: «Դա մեզ համար տարօրինակ էր, մենք ունեինք այն մտածողությունը, որ Թուրքիան մեր մշտական թշնամին է, իսկ Ռուսաստանը՝ բարեկամը: Մի օրում մարդկանց ուղեղի մեջ փոփոխություն եղավ, ստրկացած մտածողությունը դուրս եկավ»,- նկատեց նա: Երկրորդ գաղափարը, որ բարձրաձայնվեց, ըստ Վազգեն Մանուկյանի, ճեղք առաջացրեց Ղարաբաղ կոմիտեում: «Մենք մեր հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա: Հայ ժողովրդի պատմական մտածողությունը այլ էր, մենք տարբեր երկրների համոզում էինք, որ իրենք մեզ պետք է օգնեն, որ պետականություն ստեղծենք»,- ասաց նա: «Երրորդ գաղափարն այն էր, որ եթե դու ազգային հարցեր ես լուծում, պետք է դա մտցնես համաշխարհային պրոցեսների մեջ: Սա հոգեբանական և փիլիսոփայական փոփոխությունների բերեց»:
Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝ Շարժումը Ղարաբաղից սկսվեց, բայց այն արդեն կար Հայաստանում: Մի քանի տասնամյակում հայերը մեծ թռիչք էին ունեցել՝ դեմոգրաֆիայի, ինտելեկտուալ առումով: Բոլոր շարժումները համախմբվեցին Ղարաբաղի շուրջը: Առաջին դրոշը բարձրացնողը Իգոր Մուրադյանն էր: Վերջնական կազմը Ղարաբաղ կոմիտեն ձևավորեց մարտ ամսին: «Շարժումը էմոցիոնալ էր, բայց ղեկավարվում էր բավականին սառնասիրտ, մտածված քայլերով»,- հիշում է Վազգեն Մանուկյանը: Ի՞նչ մենք ստացանք Շարժումից և ի՞նչ կորցրեցինք: «Շատ դժվար է գնահատել, ներկա և ապագա սերունդերի համար դա տարբեր է: Հսկայական նվաճումը անկախությունն էր: Մենք նորից անկախություն ենք ունեցել, դա անգնահատելի մեծ արժեք է: Երկրորդը՝ Ղարաբաղի պատերազմում մեր հաղթանակն է: Ղարաբաղն այժմ գտնվում է հայերի ձեռքում: Ժողովրդավարության հարցերը դեռ այն ժամանակ էին դրվել: Եթե 96-ին ընտրությունները ճիշտ լինեին, ամեն բան այլ կլիներ: Մենք սխալ ցիկլի մեջ էինք մտել, իսկ այս վերջին ընտրությունները վերջ դրեցին այդ ցիկլինին: Հիմա նոր էտապ է սկսվում, նոր քաղաքական էլիտայի նախապատրաստում: Ձայնը կտան նրան, ում ցանկանում են, այլ ոչ թե մեկին, որովհետև մյուսին չեն ցանկանում տալ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նրա բնորոշմամբ՝ շատ պրոցեսներ տանձի նման հասունացան, փտեցին և ընկան ծառից: «Հիմա բավականին գրագետ, ըմբոստ, իր իրավունքներն ու արժանապատվությունը պահող երիտասարդություն է: Շարժման ժամանակ կարելի էր շատ բանի հասնել, մետաղը հալված էր, սխալ կաղապարի մեջ մտանք, հիմա մուրճով խփում ենք ինչ-որ բաներ փոխելու համար, բայց դա դժվար է»,- եզրափակեց նա:





