AM
21 Փետրվար 2013 - 07:28 AMT

Հ. Բագրատյանը Ր.Հովհաննիսյանին և Ս.Սարգսյանին խորհուրդ է տալիս բանակցությունների նստել

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: ՀՀ նախագահի ընտրություններում ԿԸՀ հայտնած նախնական տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է նախագահի ընտրություններում ստացել է 36,74% կամ 539 674 ձայն, իսկ Հրանտ Բագրատյանը` 2,15% (31 643): Հանդիպումից հետո Հրանտ Բագրատյանը գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջում:

«Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր.Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։ Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Ավելացնենք, որ այսօր ժամը 13-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ: Երեկվա հանրահավաքում Սերժ Սարգսյանին կոչ էր արել գալ հրապարակ և հանձնել իշխանությունը: Մինչ այդ, Սերժ Սարգսյանի խոսնակը հայտարարել էր, որ գործող նախագահը պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է հանդիպել Ազատության հրապարակում, հրապարակային բանակցել, բոլորի ներկայությամբ:

ՀՀԿ-ն մտադիր է այսօր ժամը 15.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, բայց այս պահի դրությամբ դեռ հստակ հայտնի չէ՝ կկայանա այն, թե՝ ոչ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին երեկ ասել էր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը. «Այնպես չի, որ նախկինում մենք տրամադրված էինք, որ պետք է հանրահավաք լինի ու պլանների մեջ ներառել էինք այն»: