Իշխանությունների և ժողովրդի միջև անջրպետ է առաջացել. իշխանությունները այլևս չեն տիրապետում ժողովրդի կարծիքին: Կարելի է խաբել բոլորին միաժամանակ, մի խումբ մարդկանց կարելի է խաբել: Սակայն հնարավոր չէ շարունակ խաբել բոլորին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ժողովրդի մեջ կա բողոքող զանգված: Անկախ նրանից, թե նրանք կիսում են երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի գաղափարախոսությունը, թե՝ ոչ, այդ զանգվածի գոյությունը կասկածի տեղիք չի տալիս: Նախկինում կարծիք կար, թե բոլոր ընդվզող մարդիկ հեռացել են Հայաստանից, մնացել են միայն համակերպվածները. վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա այդպես չէ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այս ընտրությունները 2008 թվականի նախագահական ընտրություներից տարբերվում էին նրանով, որ մեծ քանակությամբ ձայների հավակնող քաղաքական ուժեր, ինչպես ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, լքեցին դաշտը: Իսկ ընտրողը նայելով ընտրացուցակին գիտեր, թե ում չպետք է ընտրի՝ իշխանություններին: Լարիսա Ալավերդյանը ընդգծեց նաև քաղաքական ուժերի թիմային աշխատանքի կարևորությունը, որը շատ թեկնածուներ թերագնահատում են, իսկ «Ժառանգությունը» հենց նման աշխատանքի շնորհիվ հաջողության հասավ: Ըստ առաջին Օմբուդսմենի՝ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հաջողության չհասավ, որովհետև ժողովուրդը դեռ չի մոռացել ոչ վաղ անցայլը:
Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ փետրվարի 18-ից հետո սկիզբ առած բողոքի ալիքը, սկսվել է դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ խուսափել է ժողովրդի հետ բախումից: Նման դիրքորոշում ունի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, և այս փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը Ազգային ժողովի լուծարումն է և նոր ընտրությունների նշանակումը», – ասաց Լարիսա Ալավերդյանը: «Իշխանությունը պետք է պատրաստ լիներ փոքրամասնություն դառնալուն և ընդդիմության շարքերը մտնելու: Սա խայտառակություն է: Պետք է ընդունել՝ հետամնացության նշան է այն, որ այդքան տարի նույն քաղաքական ուժն է կառավարում,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:





