AM
22 Փետրվար 2013 - 07:36 AMT

Արմեն Մարտիրոսյանն` իրենց պահանջների իդեալիստական լինելու մասին. Կյանքը միշտ փոխել են իդեալիստները

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դրական է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: Իրենք մեկ անգամ չէ, որ ասել են, որ ցանկանում են իշխանափոխության սահուն ընթացակարգ, և այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ դա տեղի կունենա հենց այդպես: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավատարիմ է մնալու ժողովրդին, նա հույս ունի, որ «և երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը, և չորրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն, այնպիսի քայլեր կիրականացնեն, որոնք հեռու կպահեն հասրակությանը տարանջատման որևէ սցենարից: Մենք միասնականության շրջանակներում կտանենք մեր հետագա պայքարը»:

Մամուլի ասուլիսին Արմեն Մարտիրոսյանը ջուր էր խմում բաժակով, որի վրա գրված էր Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան»: «Ապահով Հայաստանը մենք կարող ենք միայն ազատ, արդար ախատաոճի շրջանակում իրականացնել, որը հնարավոր է: Այդ «հնարավոր է»-ն Րաֆֆի Հովհաննիսյանն ապացուցեց փետրվարի 18-ին, կապացուցի նաև հիմա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ «Ժառանգության» փոխնախագահի՝ շատ ավելի գեղեցիկ քաղաքական գործընթաց կլինի, եթե իշխանությունն ընդունի իր պարտությունը. «Ցավոք, որևէ իշխանություն դա անելու ուժ չգտավ, բայց հույս ունեմ, որ դա կտեսենք»:

Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրսին տանելու է հաղթական ավարտին: Ըստ նրա՝ իշխանափոխությունն արդեն եղել է, որքան էլ ընդունենք կամ ոչ, և դա եղել է ժողովրդի քվեի արդյունքում: «Իշխանությունները հաղթել են լցոնումների, կրկնակի քվեարկությունների, ընտրակաշառքի արդյուքում: Իսկ Սերժ Սարգսյանի հաղթանակը տեղի է ունեցել հաշվարկների ժամանակ: Այդ ժամանակ տեսնելով, որ որ պարտվում են, փոխել են քվեաթերթիկները»,- ասաց նա:

Այս ամենի հանգուցալուծումը Արմեն Մարտիրոսյանը տեսնում է այսպես. գործող նախագահը պետք է հանձնի իշխանությունը, ԱԺ ընտրություններ նշանակվեն: Նախագահի փոփոխության արդյունքում քաղաքական իրավիճակը կփոխվի, և նոր ընտրությունները ինքն իրեն կստեղծվի: Դրանից հետո կլինի նոր կոալիցիա, որը կգլխավորի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Եթե մենք կոլաիցիա ենք մտնելու ինքնանպատակ, դա քաղաքական ինքնասպանություն է: Եթե պետք է կոալիցիա մտնել բարեփոխումների համար, այլ բան է: Բայց այս ԱԺ-ի հետ լուրջ բարեփոխումներ իրականացնել հնարավոր չէ»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հնարավոր է, որ իրենց մոտեցումը իդելիստական է, բայց կարծում է՝ ավելի լավ է, որ նման իդեալիստական մոտեցումը կյանքի կոչվի, քան ռեալիստականը: «Մենք հանուն Հայաստանի քաղաքացու պայքար ենք տանում, սա ընդդեմ պայքար չէ: Մենք մեր բոլոր ուժերով փորձելու ենք ձգտել այդ իդեալիստական մոտեցմանը: Կյանքը միշտ փոխել են իդեալիստները»,- նկատեց նա:

Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը շատերը երբեմն չեն ցանկանում հասկանալ, ըստ նրա, նորություն չէ: «Ժամանակը միշտ ապացուցել է, որ իր գործն ու խոսքը միշտ հստակ է եղել: Նա հենց առաջին ասուլիսի ժամանակ հստակ նշել է, որ կողմ է երկխոսությանը: Իր քաղաքական օրակարգը նա հստակ ասել է: Ցանականում է, որ գործող իշխանությունը ընդունի իր պարտությունը և սահուն իշխանափոխություն տեղի ունենա: Դրան հասնելու մեթոդներից մեկը այն է, որ մեր քաղաքացիները Ազատության հրապարակում կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փորձում են տեր կանգնել իրենց ձայներին»,- եզրափակեց «Ժառանգության» փոխնախագահը: