Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք դե յուրե հատուկ են միայն նախագահի պարտված թեկնածուներին: Նման կարծիքի է Նիկոլ Փաշինյանը, ով իր պաշտոնական կայքում գրել է, որ Հովհաննիսյանը պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին: «Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր իշխանության, կամ եթե կուզեք՝ նոր կառավարության ձևավորումը: ՀՀ օրենսդրության համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Մինչ այդ ուրեմն, նրա հիմնական անելիքը մնում է նոր կառավարության ձևավորումը»,- գրել է Փաշինյանը:
Նա նկատել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եթե լրջորեն է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթած լինելու մասին, պետք է սկսի նոր կառավարության ձևավորումը և ոչ թե զբաղվի ԿԸՀ հրապարակած թվերի վիճարկմամբ: «Հարց է ծագում, ինչպե՞ս: Պրոցեդուրան պետք է լինի ծայրահեղ պարզ: Հովհաննիսյանը պետք է հատ-հատ ընտրի այն մարդկանց, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը, և իր նախարարներին պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը: Սա կլինի ուղիղ ժողովրդավարության մի գործուն մեխանիզմ: Նախարարները Հովհաննիսյանի ներկայացմամբ Ազատության հրապարակում ժողովրդին կմատուցեն իրենց ծրագրերն ու պատկերացումները այս կամ այն ոլորտի կառավարման մասին, և ժողովրդի վստահությանն արժանանալու դեպքում կհամարվեն Նոր կառավարության անդամ, ստանալով կոնկրետ նախարարության ղեկավարի կարգավիճակ:
Խոստովանենք, սակայն, որ սա չափազանց կարևորագույն և բարդ աշխատանք է, որովհետև Նոր կառավարության ձևավորման արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ժողովրդի վստահությունը պետք է ավելի ուժեղանա և ոչ թե թուլանա: Այդ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր կառավարության անդամներին պետք է ընտրի առանց ավելորդ շտապողականության և նրան պետք է հնարավորություն տալ, որ ոչ թե միանգամից և մեկ օրում Ազատության հրապարակին ներկայացնի կառավարության ողջ կազմը, այլ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի ունենալիք հանրահավաքների ընթացքում հերթով, կամ խումբ-խումբ ներկայացնի նախարարներին, իհարկե, նաև օրենքով նախատեսվածից ավելի երկար չձգձգելով: Նոր կառավարության ձևավորումն, ըստ այդմ, պետք է լինի առաջիկա հանրահավաքային շարժման հիմնական նպատակներից մեկը: Ընդգծենք, սակայն, որ Նոր կառավարության կազմի հաստատումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Հայաստանում դե յուրե իշխանափախությունն ի կատար ածելու համար: Վերը նկարագրվածից հետո պետք է տեղի ունենա Նոր կառավարության ճանաչումը, որպես ՀՀ-ում լեգիտիմ գործադիր իշխանության միակ մարմին: Նոր կառավարության ճանաչման մասին հայտարարություններով պետք է հանդես գան հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, և որ ամենակարևորն է՝ Հայաստանի Հանրապետության համայնքները, այսինքն՝ քաղաքներն ու գյուղերը:
Վերջիններս, ի դեպ, դա կարող են անել տեղերում, այսինքն՝ քաղաքաներում և գյուղերում հրավիրվելիք համայնքային համաժողովների ընթացքում՝ ժողովրդի ուղիղ, բաց քվեարկությամբ: Այդ համաժողովների ընթացքում բոլոր այն գյուղերում և քաղաքաներում, որոնց գործող ղեկավարները աջակցել են ընտրակեղծիքներին, կամ աջակցում են ապօրինի իշխանությանը, պետք է ընտրվեն ստվերային գյուղապետեր և քաղաքապետեր, ովքեր հընթացս իրենց ձեռքը կվերցնեն տեղական իշխանությունը՝ Նոր կառավարության աջակցությամբ:
Նոր կառավարության ճանաչման գործընթացը պիտի տեղի ունենա նաև Հայաստանի սահմաններից դուրս. ամեն ինչ պետք է անել, որ նման հայտարարություններով հանդես գան Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչները, ապա և՝ միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները, որոնց հետ այս ուղղությամբ բանակցությունները պետք է սկսել անհապաղ:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա երկրի, ժողովրդի, սեփական պարտությունը բացառող քայլերով և անի հաղթանակին ուղղված բացառապես քաղաքական, խաղաղ, ոչ բռնի, առանց զենքի, հայ և միջազգային հանրության համար ընկալելի գործողություններ, որովհետև նման հնարավորություն իսկապես կա: Ի դեպ, առավելագույն ջանքերն է պետք գործադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի ձևավորած Նոր կառավարությունը ճանաչած առաջին պետությունը լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Եվս մեկ նրբերանգ. դժվար չէ կռահել, որ նոր կառավարության հնարավոր ձևավորումը արժանանալու է մեծ դիմադրության և շահարկումների: Կառավարության անդամները կմեղադրվեն իշխանամոլության, իշխանատենչության մեջ: Բայց այս մեղադրանքի հեղինակները ուղղակի ծառայություն են մատուցելու Սերժ Սարգսյանին: Որպեսզի մարդիկ հավատան իրական իշխանափոխությանը և ցանկանան դա, պետք է տեսնեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ունի թիմ, որ ի վիճակի է կառավարել երկիրը, կառավարելի պահել իրավիճակը երկրում՝ բառիս Սահմանադրական ժողովրդավարական իմաստով: Իսկ նման՝ նոր, երիտասարդ կադրերից ձևավորված թիմ ստեղծելու պոտենցիալ հենց այսօր կա, գոյություն ունի Ազատության հրապարակում և դրանից դուրս: Քավ լիցի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե իմ մասին եմ խոսում, մանավանդ որ նախորդ հանրահավքներից մեկում Հովհաննիսյանն այս մասին խոսք գցեց: Սույն հրապարակմամբ պաշտոնապես հայտարարում եմ՝ հրաժարվում եմ որևէ կարգավիճակից Հովհաննիսյանի նոր կառավարությունում: Ոչ մի պայմանով չեմ համաձայնվի որևէ պաշտոնի՝ արդեն Հովհաննիսյանի դե յուրե հաստատված իշխանության կազմում: Բացառում եմ, որ Հովհաննիսյանի «ստվերային» թե իրական իշխանութան մեջ որևէ կարգավիճակ ունենամ, եթե նույնիսկ ինձ առաջարկեն, ինձնից պահանջեն:
Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը և տեսնում եմ, որ այսօր ունեմ նման կարգավիճակի արժանանալու հնարավորություն: Կա ժողովրդի վստահությունն արժանացած նախագահի թեկնածու, և նա թող ժողովրդին ներկայացնի իշխանական իր թիմին: Սա մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծել դե յուրե նոր իշխանության հաստատման հարցը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:





