AM
25 Փետրվար 2013 - 10:25 AMT

Հետընտրական շնորհավորանքներ ԱԺ-ում`«Սերը կփրկի աշխարհը» խորագրով

ԱԺ-ում հետընտրական քննարկումները հետաքրքիր զարգացումներ են ունենում: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը շնորհավորեց հայ ժողովրդին ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի կապակցությամբ: «Մենք Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդի քվեով ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ապահովել մեր պետության մեջ վերջապես ժողովրդի քվեով իշխանություն ձևավորելու ավանդույթը»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքեց այս հայտարարությանը. «Ես հասկանում եմ մեր գործընկերներին, բայց ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ մի բան, չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»:

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ հնչեցրեց նաև Զարուհի Փոստանջյանը: «Փետրվարի 18-ին մենք կարողացանք մեկուսացնել չարիքը, որը գտնվում է Բաղրամյան 26 հասցեում: Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ դեպի հայոց Արարատ մեծ ծրագրի համար: Շնորհավորում ենք, որ կարողացանք Բաղրամյան 26-ում՝ ճաղավանդակների հետևում մեկուսացնել չարը: Մենք նաև բռնազավթելու ենք այդ չարից նրան: Դեպի մեծ վերադարձի ծրագիր: Շնորհավորում եմ այն քաղաքացուն, ով ընտրեց ազատ, անկախ Հայաստանում: Կեցցե Հայաստանը»,-հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը:

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով այս հայտարարությանը, նշեց. «Հայաստանը միշտ կեցցե, իսկ սերն է, որ կփրկի աշխարհը»: