AM
26 Փետրվար 2013 - 10:43 AMT

ՕԵԿ-ն առաջարկում է նախաձեռնել հանրային լայն երկխոսության ձևաչափ

Փետրվարի 25-ին ավարտվել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՕԵԿ-ի մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ամփոփվել են կուսակցության տարածքային կառույցներից ստացված հաղորդումները ընտրական գործընթացների և հետընրական իրավիճակի մասին, կատարվել են եզրահանգումներ, տրվել են անհրաժեշտ քաղաքական և կազմակերպական հանձնարարականներ: Նիստի արդյունքներով կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց ընտրողների 58.64% կողմ ձայներով Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով վերընտիր նախագահին, մաղթում ենք հռչակած ծրագրերի բարեհաջող և արդյունավետ իրականացում` ի բարօրություն մեր ժողովրդի և ի շահ պետության ամրապնդման:

ՕԵԿ-ն իր երախտիքի խոսքն է հղում կուսակցության անդամներին և համախոհներին նախագահական ընտրություններում կուսակցության քաղաքական դիրքորոշումը կյանքի կոչելու գործում ցուցաբերած հետևողականության համար: ՕԵԿ քաղաքական խորհուրդը միաժամանակ.

1. Գոհունակությամբ ընդգծում է միջազգային կազմակերպությունների և աշխարհի ուժային կենտրոնների դրական գնահատականները ընտրությունների վերաբերյալ:

2. Կարևորում է ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունների և խախտումների համակողմանի քննությունը և իրավապահ մարմինների կողմից պատշաճ հետևողականության ցուցաբերումը դիմում-բողոքների հիմքով օբյեկտիվ և շուտափույթ քննություն անցկացնելու, մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:

3. Հորդորում է ներկա և հետագա քաղաքական գործընթացները, զանգվածային միջոցառումները, բողոքի երթերն ու ցույցերը իրականացնել բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, առաջնորդվել ներքաղաքական կայունության և Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը չխաթարելու հրամայական պահանջով:

4. Առաջարկում է նախաձեռնել հանրային լայն երկխոսության ձևաչափ` դրանում ներգրավելով շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին` առկա խնդիրները համատեղ քննարկելու և երկխոսության միջոցով լուծելու համար:

5. Կոչ է անում Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը քննության առարկա կդարձնի երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը, կառաջարկի լուծումներ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաև օրենսդրական բարեփոխումներ:

ՕԵԿ-ը միաժամանակ հանդիսանալով իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, հայտարարում է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության և հրամայականի մասին:

Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար: Կուսակցությունը փաստում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջափուլում անելու է հնարավորը համատեղ ջանքերով ձևավորված նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու համար, ակնկալելով երկրի Նախագահից համաձակ ու վճռական փոփոխություններ` երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Երկրում ստեղծված դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակի, ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց ժամանակին ու արդյունավետ լուծման գործում կուսակցության քաղաքական խորհուրդը գտնում է, որ.

1. Անհրաժեշտ է առավել ակտիվ շարունակել բարեփոխումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` անցում կատարելով դրանց իրականացման վճռական փուլերին:

2. Հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման գործում ներմուծել գործուն, նորարարական գործիքներ, ապահովելով որպեսզի դրանք չկրեն իմիտացիոն բնույթ: Այդ համատեքստում իրականացնել հանրության օբյեկտիվ դժգոհությունը հարուցող ոլորտներում կտրուկ կադրային փոփոխություններ` ձերբազատվելու համար լճացած, հոգնած և հղփացած կադրերից, փոխելու համար իշխանության դեմքը` նոր, գրագետ և կիրթ մարդկանցով:

«Օրինաց երկիր» կուսակցությունը հիմք ընդունելով ժողովրդի առջև ստանձնած իր պարտավորությունները և պատասխանատվությունը, կուսակցության նախընտրական ծրագիրն ու գործունեության առաջնահերթությունները հայտարարում է, որ այսուհետ ևս առավելագույն ջանքեր կգործադրի երկրում ընթացող բարեփոխումները էլ ավելի վճռականորեն առաջ մղելու համար»: