Փետրվարի 21-25-ը Լիբանանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:
Միջոցառումները մեկնարկեցին փետրվարի 21-ին: Բուրջ Համուդի «Երջո Սամվելյան Եռագույն» սրահում կազմակերպվեց ցուցահանդես, որի հանդիսավոր բացումը կատարեցին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունջյանը: Ցուցադրվեցին Արցախի առօրյան ներկայացնող լուսանկարներ, ինչպես նաև Սեյրան Խաթլամաճյանի` նահատակ հերոսների դիմանկարները, հայտնել է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Փետրվարի 22-ին «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում տեղի ունեցավ ազգային-հեղափոխական երգերի փառատոն: Երգի փառատոնին ներկա էին հարյուրավոր երիտասարդներ և պատանիներ: Փառատոնին ելույթ ունեցան լիբանանահայ երիտասարդ երգիչներ և պարախմբեր, հնչեցին հայրենասիրական երգեր:
Փետրվարի 24-ին Այնճար հայաբնակ ավանի Սուրբ Պողոս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ և տեղի ունեցավ Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հոգեհանգստի արարողություն։ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:
Մուսա լեռան հերոսների հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությունից հետո Գյուլբեկյան սրահում կազմակերպվեց հանդիպում բուլղարացի հանրահայտ լրագրող Ցվետանա Պասկալևայի հետ: Նա ներկաներին ներկայացրեց «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, պատասխանեց այնճարցիների հարցերին: Միջոցառմանը ներկա էին Այնճարի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցիչները, «Կարմիր լեռ» կոմիտեի անդամները, Այնճարի բնակիչները:
Ցվետանա Պասկալևայի հետ հաջորդ հանդիպումը կազմակերպվեց Բուրջ Համուդի «Տեր Մելքոնյան» սրահում փետրվարի 25-ին: Հեղինակը ներկայացրեց մանրամասներ մարտի դաշտում արված նկարահանումների մասին: Ցուցադրվեցին «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, ինչպես նաև ֆիլմ այսօրվա Արցախի մասին: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը Պասկալևային պարգևատրեց Բեյրութի առաջնորդարանի բարձրագույն պարգևով՝ «Խրիմյան Հայրիկ» մեդալով: Լիբանանի հայոց թեմի առաջնորդն ու ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բուլղարացի լրագրողին շնորհավորեցին արժանացած բարձր պարգևի համար և ընդգծեցին Պասկալևայի կատարած հերոսական աշխատանքի կարևորությունը համաշխարհային հանրությանը ԼՂ հակամարտության մասին ճշմարտությունը և պատմական փաստերը ներկայացնելու համար: Հանդիպմանը ներկա էին պաշտոնյաներ, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչը, ինչպես նաև Բուրջ Համուդի քաղաքապետը:





