AM
1 Մարտ 2013 - 09:18 AMT

«Երիտասարդությունն ընդդեմ գործազրկության». Հայ պատանիները սովորում են աշխատանք գտնել

Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Երիտասարդությունն ընդդեմ գործազրկության» խորագրով դասընթացը։

Այն սոցիալական զարգացման նախագիծ է։ Ինչպես տեղեկացնում է«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Երիցյանը, եռօրյա դասընթացներն անցկացվում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդներն ու ուսանողները ստանում են աշխատանք փնտրելու և գտնելու գործընթացին առնչվող գիտելիքներ ու հմտություններ, այդ թվում՝ առցանց աշխատանք որոնել, ինքնակենսագրություն, ուղեկցող և մոտիվացիոն նամակներ գրել, պատրաստվել հարցազրույցի և այլն։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում նաև տեղում կիրառել ձեռք բերած գիտելիքները, ինչը գնահատվում է համապատասխան մասնագետի կողմից։

ՀԵՀ մամուլի գրասենյակից հայտնում են, որ եռօրյա դասընթացին տարբեր կազմակերպություններից հրավիրված մասնագետները ներկայացրին իրենց ընկերություններում ընդունելության համակարգի, տվյալ պահին առկա թափուր աշխատատեղերի մասին։ Դասընթացի նպատակը նաև երիտասարդության շրջանում ձեռնարկատիրությունը խրախուսելն էր։ Մասնակիցները ծանոթացան Հայաստանում բիզնես սկսելու և գործող օրենսդրության պայմաններում դա հնարավոր դարձնելու ուղիներին։ Ներկայացվեցին նաև կամավորության նպատակը, առանձնահատկությունները և հնարավորությունները։ Դասընթացները շարունակական են: