AM
1 Մարտ 2013 - 10:44 AMT

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն Ադրբեջանի և Հունգարիայի դեմ գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ

Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված Հայկ Մուկուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական գանգատ են ներկայացրել Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հրապարակեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն ու հավելեց, որ Հայաստանը վարույթին միանալու է որպես 3-րդ կողմ` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

«Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումն Ադրբեջանին և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, արդարացումն ու հերոսացումը խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված իրավունքները», – ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով` գանգատը պատրաստած փաստաբանական խմբում ներառված են հեղինակավոր փաստաբաններ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Նրանց թվում են Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարության ժամանակ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանը և ոչ միայն:

Արդարադատության նախարարի մյուս տեղակալը` Եղիշե Կիրակոսյանը, նշեց, որ միաժամանակ, խնդիրը բարձրացվում է նաև ԵԽ-ում. Արդարադատության նախարարությունն ԱԳՆ-ի միջոցով քրեական ոլորտում համագործակցության մասին ԵԽ կոնվենցիաների կիրառման հարցերով փորձագիտական խմբին դիմում է ներկայացրել: Այս դիմումով պահանջվում է քննարկել 1983թ. Դատապարտյալների փոխանակման մասին Ստրասբուրգի կոնվենցիայի 12-րդ հոդվածի` Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային տեսանկյունից:

«Համաներում և ներում շնորհելու իրավունք վերապահող այս հոդվածն էր այդ օրերին Ադրբեջանը մեջբերում», – ասաց Եղիշե Կիրակոսյանն ու ավելացրեց, որ ձեռնարկվել և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը իրավասու և հեղինակավոր միջազգային ատյաններում Ադրբեջանի և Հունգարիայի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը որպես փաստ ամրագրելու համար:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան ազատել էին, մեծարել իբրև ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան և նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: