AM
4 Մարտ 2013 - 07:38 AMT

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցել ԱՄՆ-ում և Եվրոպայում

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցել ԱՄՆ-ում և Եվրոպայում: Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ և տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և ԼՂՀ ներկայացուցիչը հանդես եկան ելույթներով` իրենց խոսքում, մասնավորապես, ընդգծելով Սումգայիթում և այլ բնակավայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ոգեկոչման արարողությունների կարևորությունը Սփյուռքում, հատկապես` Ադրբեջանի կողմից սեփական պատմության վերանայման ուղղությամբ Վաշինգտոնում և այլ մայրաքաղաքներում սանձազերծած քարոզչության ֆոնին:

Մարտի 3-ին բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տևած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաև անցորդներին էին բաժանում Սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:

Նույն օրը Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվեց հոգեհանգստի պատարագ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ տրվեց Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում: Մարտի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու հարյուրից ավելի չեխահայեր և չեխեր հանրահավաք-երթով հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը:

Երթը, որին մասնակցություն բերեցին հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաներ, մեկնարկեց մարդաշատ Հանրապետության հրապարակում: Այնուհետև ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգայիթյան ոճրագործությունը, և Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ և Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվեցին դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն արտահայտեցին Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ և հայատյաց քաղաքականության դեմ: Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանեցին սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական նյութեր:

Երթը եզրափակվեց Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ ունեցավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա, դիմելով ցույցին մասնակցած չեխահայ բազմությանը, մասնավորապես նշեց. «Սա ոչ միայն սգո և ոգեկոչման երթ էր, այլ նաև Չեխիայի հայ համայնքի միասնական ուժի դրսևորման երթ: Դուք կարողացաք հնչեցնել մեր հիմնավորված, արդար պահանջները, արտահայտել անարդարության դեմ հայ ժողովրդի բողոքը: Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին և իր կաշառված «բարեկամներին»: Հայաստանը և հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, Հայաստանի Հանրապետությունը ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր Հայրենիքը, պարտավոր ենք հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը»:

Այնուհետև Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Արցախի, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և Շահումյանի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, որին հաջորդած ելույթում Չեխիայի հայերին կոչ արեց էլ ավելի համախմբվել ազգային գաղափարախոսության, հայոց պետականության և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ:

Հանրահավաք-երթը լուսաբանվեց չեխական ČT-24 հեռուստատեսության և «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի կողմից: