Հոկտեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Բհարիոն Սինգհ Շեխավատին կհյուրընկալի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Փոխնախագահը հանդիպում կունենա Երեւանի բժշկական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին: Հոկտեմբերի 8-ի առավոտյան Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:





