AM
11 Մարտ 2013 - 08:58 AMT

Կարեն Մեժլումյանը ներկայացրեց դիմումի մի մասը. ՍԴ դատավորը ուզում է հասկանալ՝ ինչո՞վ են զբաղված

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերի քննությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց իրենց դիմումի մի մասը, ինչից հետո դատարանն ուղղեց իր հարցերը նրան:

Դատավոր Ֆելիքս Թոխյանը հարց տալուց առաջ հայտարարություն արեց և նշեց, որ ՍԴ ուղղակիորեն ցանկացած դիմողների համար ճանապարհային քարտեզ է մշակել, թե ինչն է դատարանում ապացույց համարվելու, հատուկ մշակել և գրել են ինչպիսի ապացույցներ բերելու դեպքում կերաշխավորվի դիմումի հաջողությունը: «Վարչական դատարանը որոշում ունի շտաբների հետ կապված, դատարանի այդ վճիռը վերջնական է, վերանայման ենթական չէ: Դիմումի և ելույթի կեսը վերաբերում է այն հարցին, որը փակ է: Իրավական օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ դիմելը ճիշտ էր, բայց ինչո՞ւ եք մեկուկես ժամ ելույթի կեսը տրամադրում արդեն փակ գործին»,- ասաց դատավորը և հայտարարեց, որ ուզում է հասկանալ թե ինչո՞վ են այս պահին զբաղված:

Մեժլումյանը նշեց, որ ինքը միջնորդելու է, որ հաշվի առնվի վարչական դատարանի վճռի այն մասը, որ վարչական դատարանի որոշմամբ Սերժ Սարգսյանը նախկին թեկնածու է և դրա համար է նաև հաճախ հղում անում այդ որոշմանը: Ֆելիքս Թոխյանը նկատեց, որ դիմումում նշվում է, որ որտեղ ընտրողների մասնակցությունը բարձր է եղել, այնտեղ հաղթել է Սերժ Սարգսյանը: «Ցանկացած տեղամասում ունեինք հանձնաժողովի անդամ և վստահված անձ: Նրանք կարող էին ըստ օրենքի բողոքարկել: Քանի՞ հոգին են բողոքել օրենքով սահմանված կարգով դրա դեմն առելու համար»,- ասաց դատավորը:

Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ իրենք որևէ տեղամասում հանձնաժողովի անդամ չունեն, քանի որ հանձնաժողոբի անդամը օրենքի պահանջով անկախ է դառնում լիազորությունը ստանձնելիս: «Այն ինչ կատարվել է արդյունքների գնահատման արդյունքում է ի հայտ եկել: Լցոնումների դեպքում այդ պահին հնարավոր չէր պարզել:

Ֆելիքս Թոխյանը հիշեցրեց, որ կար վերահաշվարկի հնարավորություն: Վերահաշվարկի դեպքում միայն դիմել էր անհրաժեշտ և որևէ ապացույց պետք չէ. «Դա ինչո՞ւ չեք արել»: Կարեն Մեժլումյանը պատասխանեց, որ իրենք անվավերության դիմում են ներկայացրել, որոնք մերվել են այն պատճառաբանությամբ, որ ապացույց չի ներկայացվել. «Բայց պետք էր ընդամենը պարկերը բացել և կպարզվեր լցոնում եղե՞լ է, թե՝ ոչ: Մենք ասում էինք, որ պարկերում է ապացույցը, սակայն մերժել էին»:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը խնդրեց թույլ տալ, որ ինքը պատասխանի հարցերից մի քանիսին: «Բարձր դատարան, դուք նկատեցիք, որ մենք չենք փորձել հենց ընտրությունների օրը բողոքարկումներ ներկայացնել, ասում եմ՝ ներկայացրել ենք, բայց չի եղել որևէ արդյունավետ մեխանիզմ, որը կփորձեր հետևողական լինել անգամ մեր փաստարկված բողոքներին»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ հետագայում իրենք բողոքարկել են նաև ԿԸՀ անգործության դեմ. «Բացի մեզանից բազմաթիվ դիտորդական կազմակերպություններ են ներկայացրել բողոքներ: Որևէ բողոքի պատշաճ ընթացք ու պատասխան չի տվել»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը,- և ավելացրեց,- օրինակ թիվ 17 ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերի վերաբերյալ ներկայացվել է արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում: Նշեմ, որ այս ընտրատարածքը եղել է ընտրակեղծարարության կենտրոնն ու բազմաթիվ բողոքներ են եղել այստեղից, բայց որևէ մեխանիզմ, որը գոնե փորձեր վերրականգնել ընտրական իրավունքը՝ այդպես էլ չեղավ»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը: