AM
11 Մարտ 2013 - 11:52 AMT

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան մտադիր են խթանել տնտեսական համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նրա այցը Հայաստան լավ հնարավորություն համարել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները քննարկելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է փոխշահավետ բոլոր բնագավառներում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացմամբ: Սայմոն Ֆրեյզերը հանդիպման սկզբում նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ իր երկրի վարչապետ Դեյվիդ Քամերոնի շնորհավորական նամակն ու անձնական շնորհավորանքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՄԹ-Հայաստան երկկողմ հարաբերություններին, Հայաստանի եվրամերձեցման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին: ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղարի խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսական բարեփոխումների ուղղությամբ իրականացված ու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև զարգացման առաջիկա ծրագրերը:

Փոխքարտուղար Ֆրեյզերն իր երկրի կառավարության անունից վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը մեծապես աջակցում է Հայաստանում բարեփոխումների գործընթացին, որոնք շարունակվելու են նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում:

Երկուստեք նշելով, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ ՀՀ նախագահը և ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղարն այդ ներուժի համեմատ զգալիորեն անբավարար են համարել Հայաստանի և ՄԹ միջև ապրանքաշրջանառության ծավալներն ու քննարկել տնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները: