Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688): PanARMENIAN.Net-ը Առողջապահության նախարարությունից տեղեկանում է, որ բնակչությունն ակտիվ դիմում է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ու հիվանդանոցներ, բայց նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում
Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում. մարզերում` սուր շնչառական վարակներով 214 հիվանդ, թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ, Երևանում` սուր շնչառական վարակներով 353 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ:
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ: Նրանց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:
Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ, բնակչության կողմից կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն):





