AM
13 Մարտ 2013 - 09:29 AMT

Կ.Փիլոյանը՝ Զ.Փոստանջյանին. Արձանագրություն չկա, բանավոր քննարկում է եղել, որ քննարկենք հարցը

Սահամանդրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննության շրջանակներում դիմումատու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարցեր ուղղեց հարակից պատասխանող դատախազության ներկայացուցիչ Կորյուն Փիլոյանին: Հարցին, թե ԿՒՀ կայքի խափանման վերաբերյալ գործ հարուցվե՞լ է, դատախազության ներկայացուցիչը պատասխանեց. «Նման հրապարակումը չի կարող հանցագործության համար հաղորդագրության հիմք դառնալ, դա սուբյեկտիվ կարծիք է, կայքի խափանումը հանցագործություն չէ»:

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ Սերժ Թանկյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում մեղադրանք է հնչեցվում Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդի քվեի գողության մասին: «Դրան անդրադարձե՞լ եք»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը, որին Կորյուն Փիլոյանը պատասխանեց. «Ոչ»:

Զարուհի Փոստանջյան– Ե՞րբ եք համարում քրեական գործը բացահայտված:

Կորյուն Փիլոյան– Օրենքը կարդացեք:

Զ.Փ.- Դուք ասեք, ի՞նչ է սահմանում օրենքը:

Կ.Փ.-Դուք ինձ հիմա ատեստացիայի՞ եք ենթարկում, թե սեմինար եք անցկացնում:

Զ.Փ.-Սերժ Սարգսյանը Թանկյանին գրած նամակում խոսել էր զինամթերքի մասին: Դատախազությունը գնահատական տվե՞լ է, հարուցե՞լ եք քրեական գործ:

Կ.Փ.- Չկար դրա անհրաժեշությունը, բանավոր քննարկվել է և քանի որ նախադասությունը հանցագործության մասին հատկանիշ չի պարունակում, քրգործ չի հարուցվել:

Զ.Փ.- Արձանագրություն կա, որ քննարկել եք:

Կ.Փ.- Ոչ, բանավոր քննարկում է եղել, որ քննարկենք հարցը: Հարմար չենք գտել քննակելու:

Զ.Փ.- Այսինքն` ականներ չկան, մենք չվախենա՞նք:

Կ.Փ.-Չէ:

«Բավական հուսադրեցինք»,- արձագանքեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Դատախազության ներկայացուցչին հարցեր ուղղեցին նաև Անդրիաս Ղուկասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը: