AM
13 Մարտ 2013 - 12:33 AMT

Տեղի է ունեցել «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով հանրային քննարկում

Այսօր, ժամը 11:00-ին Բեսթ Վեսթեռն Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով հանրային քննարկում, որը հրավիրել էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համատեղ, ասվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառման նպատակն էր վեր հանել պատժի համակարգում և դրա կիրառման պրակտիկայում առկա թերությունները և առաջարկել լուծումներ դրանց շտկման համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հետաքրքրված կազմակերպություններին և անհատներին արտահայտել իրենց կարծիքը ոլորտում առկա խնդիրների շուրջ: Միջոցառման ընթացքում հրապարակվեցին ԻՊԱՍ-ի կողմից՝ վերոնշյալ թեմային շուրջ իրականացրած հետազոտություն-ծրագրի ընթացքում արձանագրած տվյալները, ինչպես նաև լայն հանրության ուշադրությանը ներկայացվեց ծրագրի զեկույցը:

Զեկույցում՝ օգտագործված քանակական և որակական վերլուծության միջոցով ներկայացված են ՀՀ դատական համակարգում պատժողական քաղաքականության առանձնահատկություններն ու հիմնախնդիրները, ձևակերպված են առաջարկություններ՝ ուղղված ոլորտում բացահայտված հիմնախնդիրների հաղթահարմանն ու պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Հրապարակելով զեկույցը՝ Կազմակերպությունը ցանկանում է վերհանել պատիժների նշանակման օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով՝ նպաստել պատիժների նշանակման միասնական մոտեցման ձևավորմանը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ Դատախազության, ՀՀ Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ: Ելույթներին հաջորդեց հանրային քննարկումը: