AM
14 Մարտ 2013 - 08:41 AMT

Փոխվարչապետ. Առաջիկա տարիները տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների տարիներ են լինելու

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Փոխվարչապետը նախ շնորհավորեց նորանշանակ ներկայացուցչին` առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ և վստահություն հայտնեց, որ ձևավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը կշարունակվի:

«Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ոլորտներում գործակցության հարցերը: Այստեղ կուտակված է համատեղ աշխատանքի մեծ փորձ, և կարող ենք հարստացնել այն»,-նշեց փոխվարչապետը: Մայիսից Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը նա փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նոր հնարավորություն համարեց` տեղեկացնելով, որ օրակարգում են լինելու նաև տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման, տեղական ժողովրդավարության ոլորտում գործակցության հարցերը:

Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը բարձր գնահատեց ԵԽ գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես առանձնացնելով Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությանը: Անդրադարձ եղավ նաև «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքին:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա տարիները ՏԻ և տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների տարիներ են լինելու, և այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է ԵԽ գործընկերների աջակցությունը:

Oլեքսանդր Պավլյուկն իր հերթին ընդգծեց, որ Եվրախորհուրդը կարևորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը և կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Զրուցակիցներն անդրադարձան նաև ԵԽ շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը և այն շարունակելու ու խորացնելու անհրաժեշտությանը: