AM
16 Մարտ 2013 - 06:39 AMT

Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստան – ԵՄ փոխգործակցությունը

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսիհրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։ Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Էվանգելոս Մեյմարակիսի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո խառայությունը, զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը: Էվանգելոս Մեյմարակիսը և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին հունահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն փոխգործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը: Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Հունաստանի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, խորհրդարանի նախկին ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի և խմբի անդամների հետ։

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հայ-հունական հարաբերությունները հազարամյակների ընթացքում միայն ամրապնդվել և զարգացել են և այսօր երկու երկներին միավորում է սերտ փոխգործակցությունը ամենատարբեր բնագավառներում: Զրուցակիցները բարձր գնահատեցին հունահայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։