AM
19 Մարտ 2013 - 14:24 AMT

Կարեն Ավագյան. Հացադուլը հուսահատության դրսևորում է. Րաֆֆի Հովհաննիսյանը ծանրագույն փուլում է

«Վերջին օրերի քաղաքական թոփ թենի առաջին հորիզոնականում ընդդիմության ներկայացրած ստվերային կառավարության կազմն էր»,- կարծում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։ ԱԺ հայտարարությունների ժամին նա նկատեց, որ «կառավարության» անդամներին Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները չեն ներկայացնում, կարևորություն են ստանում պարզունակ քայլերը, աթոռակռիվը, ինքնանպատակ, հանուն պաշտոնի իշխանատենչությունը։

«Թերևս, այս պարագայում ավելի հասկանալի է դառնում Րաֆֆու հացադուլը, քանի որ այլևս չի կարողանում կառավարել իր կողմից սկիզբ դրված պրոցեսը։ Հացադուլը որոշ իմաստով նաև հուսահատության դրսևորում է, որը, որպես կանոն, կիրառում են ամենածանր պահերին։ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հենց այդ ծանրագույն փուլում է։ Եվ հացադուլին վերջ տալ-չտալու հարցը պետք է լուծվի հենց իր թիմում, թիմ, որտեղ յուրաքանչյուրը որպես առանձին թիմապետ է հանդես գալիս: Ով՝ ով, գոնե Դուք, պարոն Հովհաննիսյան, պետք է իմանայիք, որ ընդունված չէ մի բան մտածել, երկրորդ բանը հայտարարել հանրահավաքներին, երրորդի շուրջ փորձել բանավիճել, չորրորդը պատմել թիմակիցներին։ Ազնվությունն ու անկեղծությունն ավելի մեծ արժեքներ են։ «Միանում եմ բոլոր հորդորներին և դիմում Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրանքով դադարեցնել հացադուլը»,- հայտարարեց Կարեն Ավագյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նա նշեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարեցին, թե ավագանու ընտրություններին գնում են առանձին ցուցակներով։ «Փաստ, որը վկայությունն է այն բանի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն անգամ այս հարցում միասնական չեն, դրանց առանցքում անհատներ են կանգնած, ովքեր ամեն գնով տենչում են իշխանության։ Ավագանու տեղերի համար պայքարում ընդդիմադիրներն իրականում պայքարելու են ոչ թե իշխող կուսակցության, այլ միմյանց դեմ։ Նախագահի ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրն է ապացուցել, որ իրենք դեռ կան ՀՀ քաղաքական դաշտում։ Իսկ «Ժառանգությունը» պետք է կարողանա ապացուցել, որ իր ստացած տոկոսները պատահականություն չէին»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին և հայտարարություններին, նա ասաց, որ այն տվեց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ. «Միաժամանակ այն քաղաքական ազնվության և անկեղծության դրսևորում էր։ Հայտնի է, որ ազնիվ ու անկեղծ կարող է լինել միայն ուժեղը»: