AM
20 Մարտ 2013 - 07:38 AMT

Վ.Սեդրակյանը իրեն կալանքի տակ թողնելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ: Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Սիրունյանի իրավաբանական գրասենյակից: Որոշումը կայացվել է երեկ` Վարդան Սեդրակյանի հետ քննարկելուց հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանի այս որոշումը դեռ չեն ստացել, ուստի վճռաբեկ բողոք բերելու ճշգրիտ ժամկետները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու համար և նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։