Մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 197 երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն. այս տարի նաև նշվում է «MITT»-ի 20-ամյակը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:
Հիմնադրամից տեղեկացնում են նաև, որ «MITT» ցուցահանդեսում հայաստանյան պատվիրակության գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: Ռուսական շուկայում Հայաստանի բրենդի առաջմղման նպատակով Մոսկվայում մարտի 21-ին կազմակերպվելու է նաև ռուսական զբոսաշրջային գործակալների և առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-համաժողով, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը և զբոսաշրջային արդյունքները:





