AM
20 Մարտ 2013 - 09:30 AMT

Սուրեն Զոլյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը պատրաստվում է ՄԻԵԴ դիմելուն: Այս մասին Զոլյանն ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Այժմ Սուրեն Զոլյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով մերժվել էր նրա հայցն ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլի 6-ին ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը և երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի: Այնուհետև ապրիլի 17-ին նա ստացել է երկրորդ նկատողությունը: Նախարարի հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են: Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էր հայտարարել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը: