ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգայի ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասել է, որ էությամբ զինվոր է ու «պատրաստ է ցանկացած տեղ ծառայել», որտեղ կորոշի հանրապետության նախագահը:
ԱԺ-ում լրագրողների այն հարցին, թե ճիշտ են արդյո՞ք այն տեղեկությունները, որ նա դառնալու է ոստիկանության համակարգի աշխատող, Պաշտպանության նախարարը պատասխանել է. «Իրականում ես ոչ մի բանից տեղյակ չեմ, և ես իմ պարտականությունները կատարում եմ: Հանրապետության նախագահն էլ իր ելույթում ասաց, որ մեծ փոփոխությունների չի գնալու: Դա իր իրավասության շրջանակներում է»:
Հարցին, թե կնախընտրեր մնալ Պաշտպանության նախարարի պաշտոնո՞ւմ, թե՞ ոստիկանություն տեղափոխվել, նա պատասխանել է. «Եթե գիտեք, տեղյակ եք իմ կենսագրությանը ՝ ինչպիսի մասնագիտության տեր անձնավորություն եմ եղել, և այսօր էլ ղեկավարում եմ Պաշտպանության նախարարությունը: Իհարկե, այն ավելի հոգեհարազատ է ինձ համար ոչ միայն որպես մասնագիտություն, այլև պատվավոր պաշտոն է, գործը հայրենիքի պաշտպանության վերաբերյալ է, և այսօր իմ կատարած աշխատանքը հիմք է տալիս ասելու, որ դեռևս աշխատելու տեղ ունենք»:





