«Բառեր չեմ գտնում զգացմունքներս արտահայտելու համար: Այն ժողովուրդը, որը վերապրել է այդ ահավոր իրադարձությունները, կորցրել է իր քաղաքացիների մեկ երրորդից ավելին, արժանի է բոլոր ազգերի եւ ժողովրդների հարգանքին»,-Հայոց ցեղասպանության զոհերի հուշամատյանում գրել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում Յուրի Բալուեւսկին հայտարարել է .«Թող պատմության եւ երկրի բոլոր ժողովրդների զարգացման ընթացքում երբեք չկրկնվեն նման իրադարձությունները, թող երջանկությունն ու ուրախությունը ուղեկից լինեն մեզ բոլորիս` այսօր ապրողներիս: Իսկ հայ ժողովրդին հարյուրապատիկ եւ հազարապատիկ անգամ ավելի»: Նրա խոսքերով, այդ հարցում պետք է վերջակետ դրվի: «Ես չէի ցանկանա, որ որեւէ մեկը դատապարտված չլինելով կատարված հանցագործությունների համար, կրկներ դա: Քանի դեռ մենք համազգեստ ենք կրում, մենք պետք է կանգուն մնանք եւ ամեն ինչ անենք, որպեսզի նման բան երբեւէ չկրկնվի ցանկացած պետության պատմության մեջ»,-հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը: Ընդ որում նա նշել է, որ այժմյան թուրք ժողովրդի մեջ դժվար է մեղավորներ որոնելը, «սակայն պատմականորեն դա պետք է դատապարտվի, դրանում ես չեմ կասկածում»: Նշենք, որ բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել տիկնոջ հետ` Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի եւ նրա տիկնոջ ուղեկցությամբ, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, իսկ Հիշատակի ծառուղում ջրել է 2003 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի տնկած եղեւնին: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը Ռուսաստանի եւ Հայաստանի գլխավոր շտաբների պետերին գրքեր է նվիրել, որոնք պատմում են 1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





